Պատվիրեք հիմա
Թարգմանչական ծառայություններ Փաստաթղթերի կազմում
Ստացեք հաշվարկը
Առաջնային լեզու*
Թարգմանել դեպի*

 

Նրանք, ովքեր սիրում են լեզուն, չեն ցանկանում զբաղվել մեկ այլ մասնագիտությամբ։ Կարծիքներ են հնչում, թե լեզուն մասնագիտություն չէ, սակայն թարգմանիչների համար այն իսկական ոգեշնչում է։ Թարգմանությունը` կենսաձև՞․․․ թե՞ աշխատանք, իսկական կոչո՞ւմ․․․ թե՞ օժանդակ հմտություն։ 

 

 

Կան թարգմանիչներ, որոնք բացառապես նվիրված են իրենց մասնագիտությանը, իսկ կան նաև նրանք, որոնք լեզուն կիրառում են որպես օժանդակ հմտություն։ Ինչպես կատարելագործվել այս ճանապարհում, եթե որոշել եք զարգացնել Ձեր թարգմանչի կարիերան և զբաղվել միմիայն դրանով։ Արդեն վաղուց հոգնել եք երկար ժամեր գրասենյակում նստելուց ու սպասելուց Ձեր հերթական շաբաթ-կիրակիին։ Որոշել եք ինքներդ Ձեզ հետ լինել, զբաղվել միայն սիրած գործով ու լինել անկախ։ Ի՞նչ հնարքների դիմել, որոնք թույլ կտային սկսել այդ ճանապարհը։ Կիսվենք դրանցից մի քանիսով, որոնք առաջին հայացքից պարզ ու հասարակ են, բայց միայն հետևողական կիրառելուց կարող են իրական արդյունքներ տալ։ 

 

1. Լեզվական ներշնչվածություն

 

Համոզվեք, որ իսկապես ներշնչված եք լեզուներով։ Դուք սիրում եք լեզուն, սիրում եք այն մշակույթն ու պատմությունը, որի լեզուն ուսումնասիրում եք։ Հաճույք եք ստանում թարգմանելիս․ պատրաստ եք երկար ժամերով նստել համակարգչի առջև և մխրճվել թարգմանության մեջ, բացել բառարանն ու անընդմեջ ուսումնասիրել նոր բառեր։ Առանց այդ կրքի ժամանակը Ձեզ կթվա ծանր ու երկարատանջ։

 

2. Լրացուցիչ դասընթացներ

 

Երկու լեզվին լավ տիրապետելը դեռևս բարձրորակ թարգմանության երաշխիքը չէ։ Մասնագիտական կրթության հետ մեկտեղ, կարող եք գրանցվել լրացուցիչ դասընթացների, եթե որոշել եք ամրապնդել Ձեր հմտությունները։ Օրինակ՝ որոշել եք զբաղվել, ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր թարգմանություններով։ Մի խնայե՛ք ժամանակ և գումար նման դասընթացների համար։ Դրանք շատ արագ փոխհատուցվում են նոր առաջարկով և պատվերներով։ 

 

 

3. Ակտիվություն մրցունակ շուկայում

 

Ֆրիլանս թարգմանիչների աշխատանքային շուկան շատ մրցունակ է։ Այս շուկայում առկա է բավականաչափ աշխատանք, բայց մրցակցությունը ևս շատ բարձր է։ Ամենի հետ մեկտեղ դժվար է արագ գտնել շատ բարձր որակավորման թարգմանչի կամ մասնագետի, ով աշխատում է հազվագյուտ հանդիպող լեզվական շարքում։ Աշխատեք ակտիվ լինել։ Առաջարկեք ձեր թեկնածությունը և ներկայացրեք Ձեր կատարված աշխատանքները։  Աշխատեք վերցնել ինչպես մեծ, այնպես էլ փոքր պատվերներ, որոնք թույլ կտան Ձեր պատվիրատուին վստահել Ձեզ ցանկացած իրավիճակում։ Կողմնորոշվեք արագ և մի վարանեք, եթե Ձեր առջև նոր խնդիր է դրված։ 

 

 

4. Ոլորտի բազմազանություն

 

Աշխատում եք մեկ ոլորտում և ունեք քիչ պատվերներ․․․ մտածեք ավելացնելու նորը։ Կարող եք ընտրել երկրաբանություն, պատմություն, ոճ և դիզայն կամ ավելի բարդ ու հետաքրքիր՝ սպորտային թարգմանությունները։ Կարող եք նույնիսկ առաջանալ և զբաղվել բանավոր թարգմանություններով՝ եթե ոչ համընթաց, ապա գոնե հետևողական։ Այդ բազմազան աշխարհը,  բացի լեզվական գիտելիքներից, կապահովի հետաքրքիր ճկուն մի աշխատատարածք։ Կհանդիպեք տվյալ լեզվի և մշակույթի կրողներին, կմասնակցեք նոր իրադարձությունների՝ բախվելով նոր դեմքերի։ Սթրեսային ու դժվար այս աշխատանքը կապահովի ոչ միայն բարձր եկամտաբերություն, այլ նաև՝ կյանքի նոր ռիթմ։

 

 

5. Հարուստ բառապաշար

 

Հատուկ ժամանակ տրամադրեք զբաղվելու բառապաշարով։ Թարգմանության որակի վրա էապես ազդում են բառերի ճիշտ ընտրությունը։ Գտեք դրանց հոմանիշները, հականիշները։ Ընտրեք և ընթերցեք տարբեր գրքեր՝ հանելով դրանցից այն բառերը, որոնց բախվում եք առաջին անգամ։ Նույնիսկ մայրենի լեզվով ընթերցանության ժամանակ կհանդիպեք բառերի, որոնք երբևէ չեք լսել։ Երբեմն պարզապես ընթերցեք հանրագիտարանններ․ դրանք ոչ միայն լեզվական, այլ նաև նոր շատ գիտելիքներ են հաղորդում։

 

 

6. Կազմեք բառացանկ

 

Կազմեք ձեր սեփական բառացանկը։ Ոչ մի բան այնքան չի արագացնում թարգմանչական աշխատանքը, որքան սեփական բառացանկը։ Ամեն մի թարգմանությունից հետո, առանձնացրեք տեխնիկական տերմինները, որոնց թարգմանված համարժեքները կարող եք մոռանալ ու վերստին ժամանակ ծախսել՝ գտնելու դրանք։ Թարգմանության ավարտին կատարեք Ձեր սեփական գրանցումները։ Մի փոքր երկար կատարված աշխատանքը զգալի կրճատում է ապագայում կատարվող թարգմանության ժամանակը։

 

Եվս մեկ օգտակար հնարք․ գրանցեք բնօրինակ լեզվի կառույցները կամ բառակապակցությունները։ Ամրապնդեք դրանք ձեր հիշողության մեջ կամ թղթի վրա։ Ժամանակ առ ժամանակ անդրադարձեք դրանց՝  դարձելու դրանք ձեր սեփականը։

 

 

***

 Հնարքներ դեռ կան, որոնց մասին կխոսենք մեր հաջորդ բլոգում։ Հնարքները ծնվում են Ձեր աշխատանքի հետ միասին։ Պահանջկոտ եղեք Ձեր անձի հանդեպ։ Շարունակ կատարելագործվեք՝ առանց սպասելու նյութականին, քանի որ այն գալիս է ավելի ուշ՝ ավելի վարձահատույց ձևով և մոռացեք՝ գիտելիքը ուժ է․․․