Այն հարցը, թե արդյո՞ք թարգմանիչներին կփոխարինեն ավտոմատացված համակարգերը դեռևս մնում է ընթացիկ քննարկում։
Մինչ այժմ թարգմանիչների աշխատանքային սահմանները չեն կրճատվել, այլ շարունակում են ընդլայնվել` ստանալով նոր ձևափոխություններ։
Ժամանակակից թարգմանչական աշխատանքները ևս կառավարվում են արդի ծրագրերով և տարբեր են լինում թարգմանիչներին ուղղվող մարտահրավերները։
Որքան էլ դժվար է ասել «Ոչ» հաճախորդին, երբեմն թարգմանիչները ստիպված են լինում հրաժարվել առաջարկվող թարգմանությունից։
Կան մի քանի պատճառներ, որոնցից 5-ի մասին արժե հիշատակել․
1․ Ցածր վճարային սակագներ
Անկախ Ձեր վճարային պայմաններից, կան աշխատանքներ, որոնք փոքր ծավալի են և որոնց համար անհրաժեշտ է սահմանել նվազագույն վճարում ՝
ըստ ժամաքանակի կամ ըստ էջի: Պետք է որոշել ու սահմանել մի գին, որից ցածր իրականում Ձեզ համար նշանակում է ոչ էական վճարում և ժամանակի կորուստ։
Շատ հաճախ թարգմանիչները ստիպված են լինում աշխատել ցածր գներով՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով։ Օրինակ՝ համաճարակի ընթացքում,
երբ շատ բիզնեսներ առցանց գրանցում էին հաջող վաճառք, թարգմանիչներին հակառակը՝ առաջարկվում էին ցածր գներով թարգմանություններ՝
պատճառաբանելով իրավիճակի հետագա կայունացումը, ներկա դժվարությունները և այլն։
2․ Անիրական ժամկետներ
Կան իրավիճակներ, երբ դժվար է մերժել թարգմանության առաջարկը մշտական հաճախորդին, բայց երբեմն անհրաժեշտ է մերժել տվյալ պատվերը՝ բացատրելով դժվարությունները։ Երբ Ձեր պատվիրատուն Ձեզնից ակնկալում է աշխատանք անիրական ժամկետներում, պետք է հստակ գիտակցել այն հասցնելու անհնարինությունը և անորակ թարգմանություն տրամադրելու մեծ հավանականությունը։ Պատվիրատուները շատ հետևողական են թարգմանությունների որակի դեպքում, և անորակ թարգմանության դեպքում նրանք կարող են արագ Ձեր աշխատանքը որակավորել որպես «Google translate»։
Ցանկալի է ճիշտ գնահատել սեփական ուժերը և հրաժարվել ուժասպառ՝ առանց այդ էլ մեծ կենտրոնացում պահանջող աշխատանքից։ Նման դեպքերում նախընտրելի է բացատրել Ձեր հաճախորդին, թե որքան ժամանակ են պահանջում մեծածավալ թարգմանությունները։ Պատվիրատուները միշտ չէ, որ պատկերացնում են իրական ժամկետները՝ առաջարկելով մեծ բովանդակություն սեղմ ժամկետների դիմաց։
3․ Համակարգչային գործիքներ
Թարգմանությունները կատարվում են մասնագիտացված համակարգերի կամ գործիքների միջոցով, որոնց պետք է տիրապետել։ Ժամանակակից ծրագրային բազմազանության շուկայում առաջարկվում են նորանոր գործիքներ՝ CAT-եր, որոնք մեկը մյուսից տարբերվում են իրենց կիրառմամբ ու նշանակությամբ։ Շատ հաճախ այն գործիքը կամ ծրագրերը, որոնք կիրառում են թարգմանիչները և առաջարկում հաճախորդները, կարող են չհամընկնել տվյալ պատվերի ժամանակ ու առաջացանել տեխնիկական խնդիրներ։ Եթե առաջարկվում են նոր գործիքակազմ պահանջող թարգմանություններ, ապա բացի կատարվող աշխատանքից անհրաժեշտ է լինում նաև տիրապետել տարբեր տեխնիկական հմտությունների, որոնք թերևս ժամանակատար են։
4․ Աշխատանքային ծավալներ
Թարգմանություններն ունեն անկայուն հաճախականություն։ Դրանք կարող են երբեմն շատ պահանջված լինել կամ հակառակը՝ նվազել՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով։ Որպես կանոն, փոքր թարգմանություններն ունեն սուղ ժամկետներ։ Նմանատիպ փոքր թարգմանչական պատվերներն ավելի հաճախակի են մերժվում թարգմանիչների կողմից, քանի որ թարգմանիչները նախընտրում են աշխատել մեծ ծավալով փաստաթղթերի վրա՝ պայմանավորված բարձր եկամտաբերությամբ, երկար ժամկետներով, ինչպես նաև ցածր սթրեսային պայմաններով։
5․ Մեծ ծավալներ և կրկնություններ
Ժամանակակից թարգմանչական ոլորտում հաճախ ենք բախվում մեծածավալ աշխատանքներում կրկնությունների հաշվարկին։ Մեծ բովանդակության պարագայում բառային կամ կառուցվածքային կրկնությունները ավելի հաճախակի են հանդիպում։ Գնային առումով որոշ պատվիրատուներ կարող են առաջարկել զեղչեր կամ նվազեցված գներ։ Որքան էլ տեքստային կրկնությունները կրճատեն ձեր ջանքերը, միևնույն է՝ աշխատաքանակի տեսանկյունից դուք ծախսում եք գրեթե նույն ժամանակը, քանի որ վերանայման ընթացքում, համահավասար ձևով, ստուգվում է ցանկացած կետ և ստորակետ, ցանկացած բացատ և վերջակետ։ Ի վերջո, եթե թարգմանության մեջ առաջանում են թերություններ, պատվիրատուին դժվար է բացատրել իրական պատճառները։ Հետևաբար, ոչ պատճաշ հաշվարկված տեքստի կամ բառաքանակի դեպքում ցանկալի է պարզապես հրաժարվել գնի միայն կեսի դիմաց առաջարվող աշխատանքից։