Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ է գործածվում լոկալիզացիա կամ անգլերեն Localization բառը։ Բառի անգլերեն տարբերակն ունի ավելի պրակտիկ կիրառություն մեր խոսքում և հաճախ թույլ չի տալիս մինչև վերջ ընկալել հայերեն համարժեքի՝ տեղայնացում բառի նշանակությունը։
Ինչ ենք ենթադրում տեղայնացում ասելով․
Տեղայնացումը կոնտենտի, պրոդուկտի կամ ծառայության ադապտացման գործընթացն է տեղի շուկայում։ Տեղայնացում չի նշանակում տեքստի թարգմանություն։ Այն սովորաբար հաջորդում է թարգմանության փուլին, որի ընթացքում մենք փոխարինում ենք բնօրինակ լեզուն մեկ այլ թարգմանվող լեզվով, իսկ տեղայնացման ընթացքում կատարվում է թարգմանված տեքստի լեզվա-մշակութային ադապտացում։
Նախապատմություն
Տեղայնացում բառը կապված է LISA` Localization Industry Standards Association շվեյցարական ընկերության հետ։ Այն շվեյցարական առևտրային մարմին էր, որը զբաղվում էր համակարգչային ծրագրերի և դրանց առնչվող տեխնիկական փաստաթղթերի (ձեռնարկներ, ձևաթղթեր, տեխնիկական առաջադրանքներ և այլն) թարգմանության հարցերով։ Ընկերությունը պահպանեց իր գոյությունը 1990 թվականից մինչև 2011 թ․-ը, որին անդամագրված էին այնպիսի խոշոր տեղեկատվական ոլորտի ընկերություններ, ինչպես օրինակ՝ Adobe, Cisco, Hewlett-Packard, IBM, Nokia, Novell և Xerox ընկերությունները։
Տեղայնացումը լեզվական ոլորտում
Տեղայնացումն աշխատանքային գործընթաց է, որը սկսվում է միայն թարգմանչական աշխատանքներից հետո։ Տեղայնացումը ենթադրում է բազմամշակութային աուդիտորիա։
Տեղայնացումը կարող է առնչվել տարբեր պրոդուկտների՝ համակարգչային ծրագրերի, վիդեոխաղերի, կայքէջերի՝ ընդհուպ մինչև կինոսերիալների և մուլտֆիլմերի։ Մեծ թվով ՏՏ ընկերություններ տեղայնացնում են իրենց պրոդուկտները և ծառայությունները՝ դրանք բազմալեզու օգտվողներին ավելի հասանելի դարձնելու և շահավետ բիզնես ծավալելու համար։
Տեղայնացման շուկան այն երկիրն է, որտեղ կատարվում է տվյալ ապրանքի ադապտացումը։ Տեղայնացումը կարող է կատարվել ոչ միայն որևէ երկրի, այլ նաև տվյալ երկրի որևէ հատվածի, խմբի կամ մշակութային նշանակություն ունեցող սեգմենտի համար։ Որոշ երկրներ կարող են ունենալ տարբեր մշակութային և լեզվական առանձնահատկություններ։ Կան նաև երկրներ, որոնք չեն առաջնորդվում միայն մեկ լեզվով։ Օրինակ՝ Ճապոնիայի գրեթե 99 %-ը խոսում է ճապոներեն, բայց երկիրն ունի պաշտոնապես ճանաչված ևս 11 լեզու, որոնցից որոշները կարող են լինել երկրորդական և այլն։
Տեղայնացման նպատակն է համապատասխանեցնել պրոդուկտը տեղի մտածողությանը և հուզական ասպեկտին՝ խուսափելու մշակութային բախումներից։ Տվյալ երկրի ավանդույթներին և ցանկություններին համապատասխանեցված պրոդուկտ ստեղծելու համար կարևոր է մանրամասն պլանավորել և նախապես սահմանել պրոդուկտի մշակման մեթոդները՝ հետագայում խուսափելու առաջացող ծախսերից, որոնք կարող են ձևավորվել ժամանակին համընթաց՝ վերաբերելով մշակութային ադապտացման խնդիրներին և առանձնահատկություններին։
Ի՞նչ է տեղայնացվում կոնտեքստում
Տեղայնացումն ընդհանուր առմամբ անդրադառնում է պրոդուկտի կամ ծառայության ոճ տեքստային բաղկացուցիչներին, որոնք մեջ մտնում են․
1․ Գրաֆիկական էլեմենտներ
2․ Տեղական արժույթը
3․ Ժամը և ամսաթվերը
4․ Հասցեները
5․ Հեռախոսահամարները
6․ Գույների նախընտրությունը
7․ Մշակութային հղումները
Վերը նշվածներին կարող են գումարվել տարբեր էլեմենտներ՝ մինչև իսկ պրոդուկտի ֆիզիկական կառուցվածքային հատկանիշները։
Տեղայնացումը որպես տեխնոլոգիա
Տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ և ներխուժել ամենուր։ Դրանից հեռու չեն մնում նաև տեղայնացման գործիքները, որոնք թարգմանչական գործիքների նման կոորդինացվում են այն գործընթացները, որով պետք է անցնեն տարբեր աշխատակիցներ կամ աշխատանքային փուլեր։ Նմանատիպ գործիքները թույլ են տալիս տարբեր աշխատողների համահավասար բաշխել իրենց ջանքերը և պրոդուկտի տեղայնացման մասով ստանալ ընդհանուր արդյունքներ։
Հաջող տեղայնացված պրոդուկտները և ծառայությունները պետք է երևան այնպես, որ կարծես դրանք դուրս են եկել տեղի մշակույթից։ Այս նպատակով տեխնիկական աշխատակիցները՝ ծրագրավորողները, թարգմանիչները և մենեջերները պետք է դիտարկվեն տարբեր մշակութային և լեզվաբանական խնդիրները թարգմանվող կամ աղբյուր լեզվում։