Թվում է, թե մեծ ժամանակ է անցել այն պահից, երբ սկսվեց համաճարակը, որն աննախադեպ փոփոխություններ գրանցեց մեր կյանքում։
Կորոնավիրուսն առանց հրավերի այցելեց երկրագնդի բնակիչներին։ Բոլորը փակվեցին տանը: Փակվեցին սրճարաններն ու թանգարանները, խանութներն ու կրպակները, փակվեցին նաև գրասենյակները, որտեղ մարդիկ ամեն առավոտ մեծ փուտկոտությամբ շտապում էին աշխատելու և վաստակելու։ Այս անգամ սակայն, նրանց մեծ մասը վերադարձավ տուն շարունակելու աշխատանքն առցանց եղանակով։ Որոշ մարդիկ պարզապես մնացին առանց աշխատանքի և եկամուտների։ Ու մինչ կսկսվի գործողությունների նոր հաջորդականությունը, հետաքրքիր է արձանագրել նաև այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան թարգմանության ոլորտում։
![]() |
2020 թ-ի փետրվար ամսին Չինաստանում անցկացված հարցումը՝ «COVID-19-ի ազդեցությունը լեզվական ծառայությունների վրա» ցույց տվեց, որ այս բնագավառում գտնվող շատ բիզնեսներ, մինչև լիարժեք վերադարձը, կարողացել են պահպանել իրենց աշխատանքի բնականոն ընթացքը։ Լեզվական ծառայությունների ոլորտում աշխատում են բանավոր և գրավոր թարգմանության ընկերություններ, տեղայնացման (լոկալիզացիա), տեխնիկական մշակման կամ խմբագրման, օտար լեզվի դասընթացների անցկացման, տվյալ ոլորտում առկա ծրագրային ապահովման և խորհրդակցության, ինչպես նաև հրատարակչական ծառայություններ։ Առաջին իսկ հայացքից կարծես փոփոխությունները մեծ չէին։ Ինչպես և առաջ, թարգմանիչների մեծ մասը շարունակում էր աշխատել տանից։ Թարգմանչական ծառայություններն արդեն վաղուց աշխատում էին հեռահար եղանակով․ տարատեսակ մշակված աշխատանքային ընթացակարգերում շատ բան չէր փոխվում։ Թարգմանչական գրասենյակները պարզապես տեղեկացնում էին միմյանց և իրենց հետ համագործակցող ընկերություններին և թարգմանիչներին, որ COVID-19–ի արդյունքում աշխատանքների մեծ մասը շարունակվելու է, ինչպես և նախկինում։ Այնուհանդերձ ոլորտում տեղի ունեցան ձևափոփոխություններ, որոնցից մի քանիսն առանձնացրել ենք։ |
1․ Ամենամեծ ազդեցությունը կրեցին բանավոր թարգմանիչները։ Տարբեր կոնֆերանսներ և հանդիպումներ, որոնք կազմակերպվել էին դեռևս ամիսներ առաջ, հետաձգվեցին կամ չեղարկվեցին։ Արդյունքում, բանավոր թարգմանիչների մեծ մասի աշխատանքը և եկամտուները հետաձգվեցին անորոշ ժամկետով։
2․ Բանավոր թարգմանության ոլորտում տեղի ունեցան նաև դրական փոփոխություններ։ Հանդիպումների մեծ մասը կազմակերպվեց առցանց և բազմաթիվ բանավոր թարգմանիչներ, սկսեցին աշխատել հեռախոսային եղանակով։ Այստեղ տեղի ունեցավ նաև բովանդակային փոփոխություն։ Շատ թարգմանիչներ ինքնիստինքյան տեղափոխվեցին հեռախոսային թարգմանության դաշտ, չնայած նրան, որ դեռևս ոչ վաղ անցյալում նրանք խուսափում էին հեռահար թարգմանության աշխատանքից, քանզի այն ունի դժվարություններ և նրբություններ, որոնք բնորոշ են միայն այս ծառայության տեսակին։ Թարգմանչական այն ընկերությունները, որոնք տրամադրում էին տվյալ ծառայության տեսակը և խնդիրներ կային պատվիրելու տեսանկյունից, կորոնավիրուսային հիվանդության ժամանակահատվածում գրանցեցին պատվերների զգալի աճ։
3․ Սրվեց հատկապես բժշկական ոլորտում աշխատող բանավոր թարգմանիչների կարևորությունը։ Թարգմանիչների մի մասը աշխատեց նաև համաճարակի վտանգավոր կետերում՝ բժշկական տարբեր կենտրոններում, էմիգրացիոն կետերում և տարբեր այն վայրերում, որտեղ հսկայական աշխատանք կար հատկապես օտարերկրյա քաղաքացիների հետ։
4․ Շարունակվեցին ընդունվել պատվերներ հատկապես համաճարակին առնչվող ընթացակարգերի, զգուշության կաննոնների, տարատեսակ ձևաթղթերի վերաբերյալ։ Նմանատիպ քաոսային իրավիճակում տարբեր լեզուներով սպասարկումը դարձավ անփոխարինելի։ Բավականին աճեցին այն թարգմանությունները, որոնք վերաբերում էին առողջական խնամքի տեղեկատվությանը, ճանապարհորդական խորհուրդներին, հիգիենայի հրահանգներին տարբեր լեզուներով՝ կիրառվող մեծ բիզնեսներում, ինչպես բանկերը, առողջապահական ընկերությունները, ավիաուղիները, տուրիզմի առցանց հարթակները և ոչ պակաս նաև սնունդ ապահովող ընկերությունները, որոնց անհրաժեշտ էր ներկայացնել մաքրության, զգուշության և ձեռք առնվող միջոցների նկարագրությունները։
5․ Տեղի ունեցան նաև ընթացակարգային փոփոխություններ թարգմանչական ծառայություններում։ Չնայած ներդրված հեռահար աշխատանքային պայմաններին, ինչպես հաղորդակցման միջոցները, ծրագրային ապահովումը, սպասարկման համակարգերը, վճարային եղանակները և այլն, թարգմանչական ծառայությունները շարունակեցին ներդնել, ընդլայնել, կատարելագործել գոյություն ունեցող միջոցները։ Օրինակ նոր միջոցներ ձեռք առնվեցին անվտանգության հարթակներում և տվյալների գրանցման միջավայրում։ Որոշ գրասենյակներ սկսեցին վերանայել իրենց ընկերության ներսում գործող բիզնես մոդելները, թարմացնել և մշակել նորերը, որոնք առավելագույն արդյունավետությամբ և արագությամբ կպատասխանեն ռիսկային իրավիճակներին։
Բոլոր դրական և բացասական փոփոխությունների հետ մեկտեղ, դժվար է ակնկալել մեծածավալ աշխատանքային հոսք ընդհանուր տնտեսության դադաղեցման և կաթվածահար պայմաններում։ Կպահանջվի որոշակի ժամանակ․ մնում է հուսալ, որ թարգմանության համար աշխատանքը դեռևս առջևում է, քանզի գլոբալ փոփոխություններն իրենց հետևից բերում են նաև գլոբալ մակարդակով կազմակերպվող աշխատանքներ: